/ Content / 2020՝ Կռունկի տարի

2020՝ Կռունկի տարի

2020 թվականը հայտարարվել է «Կռունկների Համաշխարհային Տարի»: Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մասնակցում է կռունկների և նրանց կենսամիջավայրերի ուսումնասիրության, պահպանման միջազգային գործողություններին և Հայաստանի Հանրապետությունում սկսում է քարոզարշավ ՝ «2020՝ Կռունկի տարի» անվամբ:

Աշխարհում կա կռունկների 15 տեսակ, որից 2 տեսակը հանդիպում  է Հայաստանում: Աշնանը և գարնանը երկրում կարելի է տեսնել Մոխրագույն և Գեղանի կռունկների չվող երամներ, սակայն՝ բացի այդ խմբերից, Հայաստանում բնադում է 1-2 զույգ Մոխրագույն կռունկի ենթատեսակ, որը առաջին անգամ գիտականորեն նկարագրվել է Հայաստանում՝ Անդրկովկասյան մոխրագույն կռունկը (Grus grus archibaldi

Կռունկները, որոնք հանդիպում են Հայաստանում, գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։ Չնայած պահպանության միջոցառումներին, այս թռչունների կենսամիջավայրերի իրավիճակը երկրում անհանգստանալու տեղիք է տալիս։ Նախկին բազմաքանակ բնադրող պուպուլյացիան գրեթե անհետացել է գյուղատնտեսության և տորֆի արդյունահանման նպատակով ջրաճահճային տարածքների չորացման հետևանքով, ինչպես նաև, անասնապահության համար մարգագետինների ինտենսիվ օգտագործման պատճառով։ Այժմ փոքրաքանակ խումբ բնադրում է միայն Արփի լճի շրջակայքում՝ Շիրակի մարզում։

Կռունկները մարդկանց կողմից սիրված թռչուններից են և Հայաստանի խորհրդանիշներից մեկը, սակայն մարդկանց ցածր տեղեկացվածությունը կենսամիջավայրերի և տեսակների պահպանման կարևորության մասին կարող է հանգեցնել երկրից բնադրող կռունկների անհետացման և չվող թռչունների թվի նվազմանը: Հետևաբար, այս արշավի նպատակը բնապահպանական կրթությունն է և տեղի բնակիչների իրազեկվածության բարձրացումը կռունկների վերաբերյալ, ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի, որպես դրա մի անքակտելի մասի:

«Կռունկների տարվա» շրջանակներում Հայաստանում կանցկացվեն բնապահպանական և էկոկրթական միջոցառումներ: Նախատեսվում է անցկացնել էկոկրթական սեմինարներ դպրոցականների համար, կռունկների բնադրման և միգրացիայի ժամանակահատվածում դաշտային էքսկուրսիաներ, «Կռունկները և Հայաստանը» թեմայով բաց հանրային սեմինարներ, ինչպես նաև գիտական հետազոտություններ, որոնք ուղղված են Հայաստանում կռունկների ուսումնասիրությանն ու պահպանմանը: Բացի այդ, ամառվա ընթացքում կհայտարարվեն տարբեր անվանակարգերի մրցույթներ, որոնք նախատեսված կլիեն երեք տարիքային խմբերի համար և առանց մասնագիտական կարողությունների սահմանափակումների: Սեպտեմբեր ամսվա վերջում կկազմակերպվի հանրապետական փառատոն-ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն մրցույթների մասնակիցների, ինչպես նաև, պրոֆեսիոնալ նկարիչների աշխատանքները: Ի հավելումն, 2020 թվականի աշնանը Հայաստանում կանցկացվի «Պալարեկտիկայի կռունկներ (կենսաբանություն, պահպանություն, կառավարում)» V միջազգային գիտական կոնֆերանսը, որը նախատեսված է 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը:

Հայաստանում և աշխարհում տիրող համաճարակային իրավիճակի պատճառով (Կորոնա վիրուսով պայմանավորված սահմանափակումներ), մինչև Արտակարգ իրավիճակի ավարտը, քարոզարշավը կտեղափոխվի առցանց հարթակներ և կկազմակերպվեն առցանց սեմինարներ «Կռունկներ և Հայաստան» թեմայով: Միջոցառումները կհայտարարվեն կազմակերպության սոցիալական ցանցերում: