/ Content / Արաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանություն

Արաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանություն

Արաքսի հովտում ջրաճահճային տարածքների պահպանություն 

Շատ երկրների տնտեսության զարգացման առաջատար գործոն է դարձել զբոսաշրջությունը: Էկոտուրիզմը զբոսաշրջության զարգացող ուղղություն է, որի հիմքում բնական տարածքների պահպանությունն է:

«NABU»-Հայաստանը, ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ, էկոտուրիզմի զարգացման ծրագրի շրջանակում կազմել են Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքի տարածքն ընդգրկող զբոսաշրջային երթուղի:

Այս տարածքն ունի մի քանի տեսարժան վայր, այդ թվում՝ Խոր Վիրապի վանքը, Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի հնավայրը ու «Խոր Վիրապ» պետական արգելավայրը, որի իրավասության ներքո է գտնվում 50 հա մակերեսով ջրաճահճային տարածք: Ըստ Ռամսարի կոնվենցիայի՝ այն ընդգրկված է միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում: Տարածքը կարևոր է ջրլող թռչունների ավելի քան 100 տեսակի համար, որոնցից երեսունն այստեղ բնադրում են: Արգելավայրը նշանակալի դեր ունի կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովման և խոնավ տարածքի էկոհամակարգի հավասարակշռության, այդ թվում՝ ջրային ռեժիմի պահպանության առումով:

Տարածքի ուսումնասիրության արդյունքների հիման վրա «NABU»-ն հաստատել է «Խոր Վիրապ» կրթական արահետի երթուղին. այն ընդգրկում է կիսաանապատային, ճահճային էկոհամակարգեր, ինչպես նաև հին Արտաշատի ավերակները (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.): Երթուղու երկարությունը 2,3 կմ է, տևողությունը՝ շուրջ մեկ ու կես ժամ:

Արահետը ձգվում է բլրի երկայնքով՝ չորային միջավայրում աճելուն հարմարված բուսատեսակներով հարուստ կիսաանապատային քարքարոտ լանջով: Այնուհետև արահետն իջնում է դեպի «Խոր Վիրապ» պետական արգելավայր և ձգվում է ճահճուտների երկայնքով: Արահետը շարունակվում է մինչև Արտաշատի ավերակները: Բլրի գագաթից տեսարան է բացվում դեպի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ճահճային տարածքներ: Այնուհետև երթուղին թեքվում է բլրի երկայնքով ձախ և շարունակվում կիսաանապատային չոր քարքարոտ լանջով: Արահետի վերջնակետը բլուրն է, որից այցելուները վերադառնում են երթուղու սկզբնակետին:

Արահետի երթուղու երկայնքով տեղադրվել է յոթ տեղեկատվական վահանակ՝ հին Արտաշատի և արգելավայրի էկոհամակարգերի հիմնական ընդհանուր բնութագրերով, ինչպես նաև վեց տեղեկատվական սեղանիկ, որտեղ ներկայացված է կիսաանապատային և ճահճային տարածքների կենդանական և բուսական աշխարհը:

«NABU»-ն իրականացնում է նաև Խոր Վիրապի տարածքի մաքրման աշխատանքներ: «NABU»-Հայաստանը մտադիր է շարունակել բնապահպանական աշխատանքները տվյալ տարածքում, ինչպես նաև նպաստել էկոտուրիզմի զարգացմանը: