Մաքուր ապագա
Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում
Կրեատիվ լեռներ
«Գյուղական Տուրիզմի Զարգացման» ծրագիր
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիր
Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում
/ Content / Տարվա թռչուն 2025՝ հայկական որոր

Տարվա թռչուն 2025՝ հայկական որոր

Հայկական որոր (Larus armenicus)

Փետուրներ՝ արծաթամոխրագույն և սպիտակ, դեղին կտուց՝ իրեն հատուկ սև բծով, մուգ մոխրագույն աչքեր և դեղնա-նարնջագուն ոտքեր. Այո՛, խոսքը Հայկական որորի մասին է, թռչուն, որը հպարտորեն ճախրում է ՀՀ և տարածքաշրջանի այլ բարձրադիր լճերի տարածքում և կարևոր դեր խաղում ջրային էկոհամակարգերի առողջության ապահովման և դրա գնահատման գործում:  Ամենամյա բնապահպանական արշավի շրջանակներում հանրային քվեարկության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականի տարվա թռչուն ընտրվել է հենց այս տեսակը ՝ հայկական որորը:

Ի սկզբանե, Հայկական որորը մեկ այլ՝ Արծաթափայլ որորի (Larus argentatus) ենթատեսակ էր, սակայն հետագայում, առավել խորքային ուսումնասիրությունները թույլ տվեցին առանձնացնել թռչնին որպես առանձին տեսակ, որը բնորոշ է Կովկասի, Հայկական բարձրավանդակի և Միջին արևելքի էկոհամակարգերին: Վերոնշյալ աշխարհագրական շրջանները կազմում են թռչնի բնադրման արեալը:

Տարածվածությունն ու կենսամիջավայրը

Հայկական որորի հիմնական պոպուլյացիան կենտրոնացած է Հայաստանում՝ Սևան և Արփի լճերում, սակայն տեսակը հանդիպում և բնադրում է նաև Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում, Վրաստանում և Թուրքիայի արևմուտքում։ Ամռանը որորը նախընտրում է բնակվել բարձր լեռնային լճերի, գետերի և ջրամբարների մոտ՝ մինչև 1900 մ բարձրության վրա։ Ձմռանը որորների մի մասը չվում է հարավ, հարավ արևմուտք՝ հասնելով Միջերկրական ծովի արևելյան ափերին, Կարմիր ծովի հյուսիսային հատվածներին և Պարսից ծոցին, իսկ մյուս մասը գերադասում է մնալ ծննդավայրին հարող հատվածներում, հիմնականում կուտակվելով խոշոր աղբավայրերում, որտեղ էլ տաքանում և սնունդ է հայթհայթում։

Սպառնացող վտանգները և պահպանման կարգավիճակը

Նախորդ դարի սկզբին Հայկական որորի թվաքանակը զգալիորեն նվազել է մարդու գործունեության հետևանքով․ հայկական որորն ընկալվել է որպես ձկնային պաշարներին վնասող տեսակ և ոչնչացվել մարդու կողմից, իսկ ձվերը հավաքել են և օգտագործել որպես սնունդ։ Սակայն այսօր տեսակի պոպուլյացիան կայուն է, իսկ որոշ գնահատականներով՝ նույնիսկ աճող։ Վերջին տվյալներով՝ տեսակի պոպուլյացիան կազմում է շուրջ 45-73 հազար հասուն առանձնյակ, ինչը համարժեք է 68-110 հազար ընդհանուր առանձնյակի։ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում հայկական որորը դասվում է «նվազագույն մտահոգություն առաջացնող» կատեգորիայում (Least Concern)։

Հայաստանում, ըստ 2019 թվականի հաշվառման տվյալների, բնադրում է շուրջ 14,800 զույգ հայկական որոր, ինչը 1980 թվականի համեմատ 13-27%-ով ավել է։

Արփի լճում Հայկական որորների բնադրման առաջին գրանցումներն արվել են միայն 1970-ական թվականներին: Դեռևս 1936 թվականին, Խորհրդային Միության կողմից իրականացվող՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցման նախագիծը աղետալի ազդեցություն թողեց Հայկական որորների բնադրող պոպուլյացիայի վրա: Եթե մինչ այդ տեսակը բնադրում էր Սևանի ափամերձ բավականին մեծ հատվածում, ինչպես նաև ժայռերի վրա և գյուղատնտեսական դաշտերում, ապա Սևանի մակարդակի իջեցմամբ Հայկական որորը մեծամասամբ կորցրեց իր հիմնական բնադրավայրերը, հավանական է նաև, որ մի քանի տարի Հայկական որորի բնադրումը Սևանա լճում նույնիսկ բացակայել է: Հետագայում, տեսակի պոպուլյացիան վերականգնվել է, սահմանափակելով իր բնադրումը միայն «Որորների կղզի» անունով հայտնի երկու փոքրիկ կղզյակներում, որոնք այժմ պահպանվում են որպես Նորաշենի արգելավայր: 1990-ական թվականներին «Որորների կղզի» հատվածը դեռևս միացած էր ցամաքին և մարդիկ պարբերաբար այցելում էին տեսակի բնադրավայրերը, կոտրում կամ գողանում ձվերը, խանգարում բնադրման պրոցեսին: Բարերարների և բնասերների նախաձեռնությամբ, կղզիներից մեկը ցամաքին կապող կամրջակը փորվել և առանձնացվել է ցամաքից, ինչի շնորհիվ էապես նվազել է բնադրավայր մարդկանց մուտքը։ Կարելի է ասել, այս գործողությունը փրկել է Սևանում բնադրող Հայկական որորների պոպուլյացիան: 

Այս թռչունները այսօր էլ շարունակում են բախվել լուրջ սպառնալիքների, որոնց թվում են բնադրման համար պիտանի տարածքների և սննդային պաշարների կրճատումը՝ պայմանավորված Սևանա լճի ջրի մակարդակի փոփոխությամբ և աղտոտմամբ, ինչպես նաև Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ապօրինի որսի դեպքերով։ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում հայկական որորը դասվում է «Խոցելի» տեսակների շարքում (Vulnerable), ինչը ընդգծում է տեսակի պահպանության անհրաժեշտությունը և կարևորությունը։

Սնունդը և որսը

Հայկական որորը սնունդ է հայթայթում ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում՝ հատկապես եղեգնուտներում, լողափերում, գյուղատնտեսական դաշտերում, ձկնաբուծական ավազաններում և նույնիսկ աղբավայրերում (հատկապես ձմեռային ամիսներին)։ Չնայած նրա սննդակարգը դեռևս լիարժեք չի ուսումնասիրվել, հայտնի է, որ այն ներառում է ձկներ, անողնաշարավորներ, երկկենցաղներ, սողուններ, կրծողներ և սննդային թափոններ։

Բազմացումը և բնադրումը

Հայկական որորները բնադրում են մեծ խմբերով կամ գաղութներով՝ լեռնային լճերի քարքարոտ և խոտապատ ափերին՝ քարերի, խոտի ու թփերի մեջ: Բները փխրուն են, կազմված խոտերից, եղեգներից և հաճախ տեղակայվում են միմյանցից 1-2 մետր հեռավորության վրա։ Որոշ գաղութներում հանդիպում են 4000 և ավել բնադրող զույգեր, ինչը կարող է հանգեցնել թռչունների միջև տարածքային հակամարտությունների։ Ապրիլի վերջից սկսած որորները ձվադրում են և սկսում թուխսը: Հիմնականում ածում են երեք ձու, հազվադեպ՝ երկու կամ չորս: Ձվերը կանաչա-դարչնագույն են, բնորոշ շագանակագույն բծերով: Ձագերը ծնվում են մայիս և հունիս ամիսներին:

Տեսակի նշանակությունը և պահպանության կարևորությունը

Հայկական որորը հանդիսանում է տարածաշրջանի ջրային էկոհամակարգերի առողջության ցուցիչ: Նրա պոպուլյացիայում թվաքանակի և կազմի բացասական փոփոխությունները կարող են ազդանշան լինել էկոհամակարգերում ոչ բարենպաստ էկոլոգիական գործընթացների մասին։ Այս տեսակի պահպանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները ներառում են նրա բնադրավայրերի պահպանությունը (Հայաստանում տեսակը պահպանվում է Սևան ազգային պարկի Նորաշենի արգելավայրում և Արփի լիճ ազգային պարկում), պոպուլյացիաների մշտադիտարկումը և տեղական բնակչության հետ կրթական աշխատանքները՝ էկոլոգիական նշանակության և տեսակի պահպանման անհրաժեշտության մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։

#ճայ_չի_ՈՐՈՐ_ա

Մեր հասարակությունում թյուր կարծիք կա Հայակական (և առհասարակ) որորի անվան հետ կապված: Շատ հաճախ մարդիկ թռչնատեսակին անվանում են ճայ, ամենայն հավանականությամբ նմանեցնելով տեսակի ռուսերեն՝ чайка անվանման հետ: Նշված սխալն այնքան արմատականացած է, որ նույնիսկ հայտնի գրքի վերնագրում որորն անվանվել է ճայ – Ջոնաթան Լիվինգսթոն ճայի փոխարեն պետք է լիներ Ջոնաթան Լիվինգսթոն որորը: Իսկ ճայերը ագռավազգի թռչուններ են, որոնք ունեն սևամոխրագույն փետրավորում։ Այս թռչուններն ակներև տարբերվում են իրարից։

Եկեք ճանաչենք Հյակական որորին և այլևս չշփոթենք նրա անունը այլ տեսակների հետ: