Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ տեսակ է, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերի հետ և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերքն ու հումքն է, ինչպես նաև վայրի բույսերը, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:
Օրգանական գյուղատնտեսության համար հարկավոր է օգտագործել այն հողերը, որոնք մի քանի տարի զերծ են մնացել քիմիական միջոցների օգտագործումից: Գոմաղբը, կենսահումուսը, թռչնաղբը բարելավում են հողի կառուցվածքը, հարստացնում են հողը օրգանական նյութերով, բարձրացնում են բերրիության մակարդակը:
Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները՝ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Օրգանական մթերքը ավելի շատ սննդատարրեր է պարունակում, քան ավանդական մեթոդներով աճեցվածը: Ամբողջ աշխարհում ներկայումս առկա է օրգանական արտադրանքի մեծ պահանջարկ:
Հայ ֆերմերները ևս ունեն հնարավորություն օրգանական գյուղմթերք արտադրելու: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) միջև 2015 թվականի փետրվարի 20-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում յուրքանչյուր տարի անցկացվում է օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրիր:
Ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը: Յուրաքանչյուր տարի օրգանական հավաստագրման մրցույթ է կազմակերպվում, որին մասնակցելու համար տնտեսավարողները կարող են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի պաշտոնական կայքէջից մինչև 2019 թվականի ապրիլի 20-ը ներառյալ կարող են ներբեռնել դիմում հայտը և լրացնելուց հետո այն ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37444) 599949 կամ (+37493) 420062 հեռախոսահամարներին:
Ծրագրի մասնակցությունն անվճար է:
Հիշեցնենք, որ ծրագրի 2015-2018թթ. Ընթացքում հավաստագրվել են արդեն 27 տնտեսվարողներ, որոնց մեծ մասի արտադրանքը ներկայացված է արտերկրում:
Հավաստագրման համար դիմած մասնակիցների կողմից ներկայացրած արտադրանքն անցնում է փորձագիտական գնահատում: Արդյունքների ամփոփումից հետո հաղթող ճանաչված, միջազգային ստանդարտներին համապատասխան «օրգանական» սնունդ արտադրող տնտեսավարողները ստանում են Եվրամիության երկրների և ԱՄՆ պահանջներին համապատասխան հավաստագրեր՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ: