/ Պարունակություն / Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ...

Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ

Մենք մեկնարկում ենք նոր ծրագիր․ «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ»

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեծ քայլ է անում  Հայաստանում աղտոտված շրջակա միջավայրի դեմ պայքարի հարցում։

Մեր հիմնական նպատակն է բոլոր տարիքի հնարավորինս շատ մարդկանց ներգրավել մաքուր շրջակա միջավայրի համար պայքարում՝ բարձրացնելով շրջակա միջավայրի աղտոտման լուրջ հետևանքների մասին իրազեկվածությունը:

Այս նպատակին հասնելու համար մենք կխթանենք քաղաքային և գյուղական բնակչության շրջանում շրջակա միջավայրի նկատմամբ խնամքով վերաբերմունքի և գիտակցված սպառման պրակտիկան, այդ թվում՝ տեղական կամավորական խմբերի ստեղծման և հզորացման միջոցով: Այս գործընթացում կարևոր դեր կխաղա միջազգային փոխանակումը, որը, հուսով ենք, Գերմանիայի բնության պահպանության երիտասարդական կազմակերպության (NAJU) և Հայաստանի կամավորական խմբերի միջև երկարաժամկետ համագործակցության սկիզբ կդնի:

Ծրագրի շրջանակներում ավագ դպրոցի աշակերտների համար կկազմակերպվի և անց կկացվի առաջին ամենամյա «Մաքուր ապագա» ճամբարը՝ հետագայում բերքի փառատոնին մասնակցելու հնարավորությամբ, կկազմակերպվեն սեմինարներ և կրթական փոխանակման ճամփորդություններ Գերմանիայի և Հայաստանի ակտիվիստների համար, կբացվի բնապահպանական ակումբ, որի շրջանակներում կիրականացվեն տարբեր թեմատիկ երեկոներ, ակցիաներ և մեկօրյա անվճար էքսկուրսիաներ, ինչպես նաև կստեղծվեն վերամշակվող նյութերի նոր հավաքման կետեր և կմշակվեն տեղեկատվական-ուսումնական նյութեր:

Ծրագիրը կիրականացվի երկու գործընկեր-կազմակերպությունների՝ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD)-ի և «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ։