/ Պարունակություն / Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի...

Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում

«Համայնքներում բնության պահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը՝ որպես աղքատութան հաղթահարման ներդրում Սյունիքում»  երկամյա ծրագիր է։
Այն ներկայացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից և իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ՝ «Բեզոար» և «Էկոգլոբ» հասարակական կազմակերպությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է ուժեղացնել թիրախային խմբի ռեսուրսների պահպանությանն ու կլիմայի փոփոխությանը հարմարված հողօգտագործման կարողություններն ու ստեղծել առանց բնությունը վնասելու կայուն եկամուտների ստացման մոդելի հնարավորություններ: Այսպիսով, այն միտված է նպաստելու բնակչության կենսամիջոցների պահպանմանը ծրագրում ընդգրկված Սյունիքի 36 լեռնային բնակավայրերում։
Ծրագրում ընդգրկված 36 բնակավայրերն են․ Աղիտու, Ախլաթյան, Աշոտավան, Բալակ, Բնունիս, Դաստակերտ, Դարբաս, Գետաթաղ, Գորայք, Հալիձոր, Հարժիս, Հացավան, Իշխանասար, Խոտ, Լոր, Լծեն, Մուծք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Սալվարդ, Սառնակունք, Շամբ, Շենաթաղ, Սպանդարյան, Թասիկ, Տաթև, Տոլորս, Տորունիք, Ծղուկ, Ույծ, Վաղատին, Որոտնավան, Սվարանց, Աղվանի, Տանձավեր։  
Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից. մեկը միտված է հմտությունների զարգացմանը, էկոկրթությանը, կլիմայական ադապտացմանն ու համայնքներում ռեսուրսների  կառավարմանը, մյուսը՝ գյուղացիական փոքր տնտեսությունների այլընտրանքային կայուն եկամուտների ստացմանը։

Ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է՝

  • իրականացնել ընդգրկված բոլոր համայնքների տարածքների կենսաբազմազանության հետազոտություն և GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) վերլուծություն,
  • կազմակերպել կլիմայական փոփոխություններին հարմարվողականության և ռեսուրսների կառավարման թեմաներով խորհրդատվություններ, ռեսուրսների պաշտպանության մոդելային միջոցառումներ, իսկ առավել հետաքրքրվողների համար՝ խորացված դասընթացներ,
  • ընդգրկված 36 գյուղերի համար մշակել բնական ռեսուրսների օգտագործման հատուկ առաջարկություններ, ինչպես նաև թիրախային գյուղերում ստեղծել ՀԿ-ներ՝ նպատակաուղղված բնապահպանությանն ու ռեսուրսների կայուն կառավարմանը: Ուսումնասիրել նաև մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտը և առավել խնդրահարույց տեղանքների համար իրականացնել մոդելային ծրագրեր։

Ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է՝

  • թիրախային գյուղերում ստեղծել կոոպերատիվներ՝ տնային տնտեսությունների արտադրանքը կամ ծառայությունը ավելի արդյունավետ և համատեղ ներկայացնելու առանձին տնային տնտեսությունների հետ կապ չունեցող գնորդներին՝ բարելավելով վերջիններիս շուկայական հասանելիությունը,
  • կազմակերպել նաև գաղափարների մրցույթ, որը կներառի ռեսուրսների պահպանությանը միտված ծրագրեր, օրինակ՝ տուրիզմի զարգացում, վայրի բույսերի հավաք, օրգանական գյուղատնտեսության զարգացում, ձեռագործ աշխատանքների ստեղծում և այլն։