/ Պարունակություն / Տարվա թռչուն 2022՝ սպիտակ արագիլ

Տարվա թռչուն 2022՝ սպիտակ արագիլ

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի՝ 2022 թվականին, կազմակերպության կողմից տարվա թռչուն է հայտարարում Սպիտակ արագիլ (Ciconia ciconia) տեսակին:

Ընտրությունը նպատակային է, հաշվի առնելով Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների աղտոտման շուրջ 6 տարի շարունակվող հիմնախնդիրը:

«Տարվա թռչուն» քարոզարշավն նպատակ ունի բարձրացնել հասարակության լայն շերտերի իրազեկվածության մակարդակը տվյալ տարի ընտրված տեսակի մասին:

2022 թվականին Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը նախատեսում է իրականացնել միջոցառումների շարք, որոնք կնպաստեն Սպիտակ արագիլների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կբարձրաձայնեն Արարատյան դաշտում նրանց աղտոտման հիմնախնդրի մասին և կսերմանեն բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունք:

Տարվա ընթացքում մենք

  • մեր սոցիալական էջերի հարթակներում պարբերաբար կպատմենք ձեզ Սպիտակ արագիլների մասին՝ անդրադառնալով նրանց էկոլոգիայի, կենսակերպի առանձնահատկություններին, աղտոտման հիմնախնդրին և այլն,
  • կիրականացնենք դասընթացներ, թռչնադիտարկումներ, մրցույթներ մարզերի դպրոցներում և բոլոր հետաքրքրված անձանց համար,
  • կհայտարարենք «Սպիտակ արագիլը՝ սպիտակ» խորագրով ֆոտո-մրցույթ՝ 3 անվանակարգով,
  • կշարունակենք արագիլների աղտոտման բացահայտմանն ուղղված մեր տարեկան աշխատանքները,
  • արդեն իսկ կիսվել ենք Ձեզ հետ արագիլների 2 ընտանիքների բների վրա տեղադրված առցանց տեսախցիկներով,
  • կշարունակենք նրանց չուի ուսումնասիրությունները և կկիսվենք Ձեզ հետ տեղեկատվությամբ,
  • կկազմակերպենք փառատոն, որի շրջանակներում կանցկացվի նաև ֆոտո-մրցույթի արդյունքների ցուցադրությունը և կորոշվեն հաղթողները,
  • կնկարահանենք փոքրիկ, ճանաչողական տեսահոլովակներ Սպիտակ արագիլների մասին,
  • առնվազն 5 խնդրահարույց բույն կտեղափոխենք այլ հարթակի վրա, կամ կբարելավենք պայմանները,
  • արդեն իսկ ստեղծել ենք և շուտով Ձեզ հետ կկիսվենք Սպիտակ արագիլների մասին պատմող գրքույկով և արագիլների բների գրանցման համար նախատեսված առցանց հարթակով, որի միջոցով բոլորը կկարողանան գրանցել իրենց տան կողքին բնադրող արագիլի բույնը և նրա ընտանիքի մասին տեղեկատվությունը՝ դառնալով համայնքային բնապահպանության մի մասնիկը,

Եվ սա դեռ ամենը չէ

Հետևեք մեզ, միացեք մեր աշխատանքներին, միասին պահպանենք Սպիտակ արագիլներին և նրանց ապրելավայրերը՝ հանուն մարդու և բնության: