«Արաքսի հովտի ջրաճահճային տարածքների պահպանություն համայնքների ներգրավմամբ» ծրագրի շրջանակներում հայտարարված «Ջրաճահճային տարածքների պահպանություն և կայուն օգտագործում» դրամաշնորհային մրցույթի հաղթողներն արդեն սկսել են իրենց գաղափարների իրագործումը։
«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Մաքուր համայնք» նախաձեռնությունն իրականացվում է Արմավիրի մարզի Երասխահուն և Ապագա գյուղերում։
Ծրագրի շրջանակներում երկու գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտների համար անցկացվել են սեմինարներ «Թափոնների արդյունավետ կառավարում» և «Թափոնների տեսակավորում և թափոնամանների օգտագործում» թեմաներով։ Դասընթացների ժամանակ աշակերտներին է ներկայացվել շրջակա միջավայրի՝ թափոններով աղտոտման խնդիրն ու հետևանքները։ Մասնակիցները սովորել են, թե ինչ տեսակի են լինում թափոնները, ինչ չափաքանակներով են գոյանում մեր կենցաղում և ինչպես ճիշտ վարվել դրանց հետ համայնքում։ Ծրագրի փորձագետը ծանոթացրել է աշակերտներին նաև տարբեր տեսակի թափոնների վերամշակման օգուտները՝ ռեսուրսախնայողության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից։ Սեմինարի ընթացքում աշակերտները վիկտորինա-խաղի միջոցով սովորել են ճիշտ տեսակավորել կենցաղում գոյացող թափոնները, ծանոթացել թափոնների կրճատման, վերամշակման և վերօգտագործման ուղիներին։
Ծրագրի շրջանակներում Ապագայի ջրաճահճային տարածքներում նոյեմբերի 12-ին իրականացվել են մաքրապատման աշխատանքներ, որի ավարտից հետո Ապագա և Երասխահուն համայնքներում կազմակերպվել է ծառատունկ։ Շուրջ 50 երիտասարդների ջանքերով մաքրվել է Ապագայի ջրաճահճային տարածքի 800-900մ երկարությամբ հատվածը։
Նախատեսվում է նաև համայնքների ջրաճահճային տարածքներում և հարակից շրջաններում կոշտ կենցաղային թափոնների` պլաստիկ շշերի, պոլիեթիլենային տոպրակների, փաթեթավորման մնացորդներ և այլնի հավաքում, տեսակավորում, հավաքված պլաստիկի հանձնում վերամշակող կազմակերպությանը: