Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի՝ 2022 թվականին, կազմակերպության կողմից տարվա թռչուն է հայտարարում սպիտակ արագիլ (Ciconia ciconia) տեսակին:
Ընտրությունը նպատակային է՝ հաշվի առնելով Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման շուրջ 6 տարի շարունակվող հիմնախնդիրը:
«Տարվա թռչուն» արշավն նպատակ ունի բարձրացնել հասարակության լայն շերտերի իրազեկվածության մակարդակը տվյալ տարի ընտրված տեսակի մասին:
2022 թվականին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը նախատեսում է իրականացնել միջոցառումների շարք, որոնք կնպաստեն Սպիտակ արագիլների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կբարձրաձայնեն Արարատյան դաշտում նրանց աղտոտման հիմնախնդրի մասին և կսերմանեն բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունք:
Տարվա ընթացքում մենք՝
- մեր սոցիալական էջերի հարթակներում պարբերաբար կպատմենք ձեզ Սպիտակ արագիլների մասին՝ անդրադառնալով նրանց էկոլոգիայի, կենսակերպի առանձնահատկություններին, աղտոտման հիմնախնդրին և այլն,
- կիրականացնենք դասընթացներ, թռչնադիտարկումներ, մրցույթներ մարզերի դպրոցներում և բոլոր հետաքրքրված անձանց համար,
- կհայտարարենք «Սպիտակ արագիլը՝ սպիտակ» խորագրով ֆոտո-մրցույթ՝ 3 անվանակարգով,
- կշարունակենք արագիլների աղտոտման բացահայտմանն ուղղված մեր տարեկան աշխատանքները,
- արդեն իսկ կիսվել ենք Ձեզ հետ արագիլների 2 ընտանիքների բների վրա տեղադրված առցանց տեսախցիկներով,
- կշարունակենք նրանց չուի ուսումնասիրությունները և կկիսվենք Ձեզ հետ տեղեկատվությամբ,
- կկազմակերպենք փառատոն, որի շրջանակներում կանցկացվի նաև ֆոտո-մրցույթի արդյունքների ցուցադրությունը և կորոշվեն հաղթողները,
- կնկարահանենք փոքրիկ, ճանաչողական տեսահոլովակներ Սպիտակ արագիլների մասին,
- առնվազն 5 խնդրահարույց բույն կտեղափոխենք այլ հարթակի վրա, կամ կբարելավենք պայմանները,
- արդեն իսկ ստեղծել ենք և շուտով Ձեզ հետ կկիսվենք Սպիտակ արագիլների մասին պատմող գրքույկով և արագիլների բների գրանցման համար նախատեսված առցանց հարթակով, որի միջոցով բոլորը կկարողանան գրանցել իրենց տան կողքին բնադրող արագիլի բույնը և նրա ընտանիքի մասին տեղեկատվությունը՝ դառնալով համայնքային բնապահպանության մի մասնիկը,
Եվ սա դեռ ամենը չէ․ հետևեք մեզ, միացեք մեր աշխատանքներին, միասին պահպանենք սպիտակ արագիլներին և նրանց ապրելավայրերը՝ ՀԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ:
Իսկ արշավի շրջանակներում թռչնատեսակի մասին պատմող գրքույկին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով այն։