«Արևիք» ազգային պարկը ստեղծվել է 2009թ․։ Պարկի տարածքը կազմում է 31211.19 հա և զբաղեցնում է Մեղրու լեռնաշղթայի հարավային լեռնաբազուկներն ու Մեղրի, Նյուվադի, Շվանիձոր և մի քանի այլ սակավաջուր գետակների հովիտները: «Արևիք» ազգային պարկի ստեղծման նպատակը «Բողաքար» արգելավայրի, Մեղրու տիպիկ լեռնային ֆլորիստիկ շրջանի, Մեղրու լեռնաշղթայի և նրա լեռնաբազուկների լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, էնդեմիկ հազվագյուտ և վտանգված տեսակների, դրանց բնակության միջավայրերի, բնապատմական ժառանգության և բնական պաշարների պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումն է։
Այն ունի հարուստ կենսաբազմազանություն և բնակատեղի է հազվագյուտ և անհետացող այնպիսի կենդանական տեսակների համար, ինչպիսիք են Առաջավորասիական հովազը (Panthera pardus saxicolor), Բեզոարյան այծը (Capra aegagrus), Հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelini), Միջերկրածովային կրիան (Testudo graeca), Հայկական իժը (Vipera raddei), Կովկասյան ջրասամույրը (Lutra lutra meridionalis), Կասպիական հնդկահավը (Tetraogallus caspius), Կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiczi) և այլն։
ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակներից հայտնաբերվել են տեսակներ, որոնք աճում են միայն Մեղրու ֆլորիստիկ շրջանում. Չորապտեր արծվապտերային (Chelanthes pteridioides), Հուդայածառ գրիֆիթի (Cercis Griffithii), Գիրգենսոնիա հակադրածաղիկ (Girgensohnia oppositiflora), Ձմերուկ վայրի (Citrullus colocynthis), Անդրախնե, Անմեռուկ կլորատերև (Andrachne rotundifolia), Տափոլոռ խաղողանման (Lathyrus vinealis), Թրաշուշան աղասեր (Gladiolus halophilus), Կատվադաղձ լերդախոտատերև (Nepeta teuchiifolia), Սագասոխուկ ցողունավոր (Gagea stipitata), Եղբորոսին կծկծուկաձև (Cephalanthera epipactoides), Կծկծուկ ղանձլամերատերև (Epipactis veratrifolia), Սարդակիր կովկասյան (Ophrys caucasica), Սարդակիր բոռակիր (Ophrys oestrifera), Խոլորձ շելկովնիկովի (Orchis Punctulata), Էննեապոգոն պարսկական (Enneapogon persicus), Գևմնածաղիկ ռավենյան (Erianthus ravennae)։