/ Պարունակություն / Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն...

Ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը սկսում է նոր ծրագիր՝ ջրաճահճային տարածքների ուսումնասիրություն և պահպանություն Արաքսի հովտում։ Ծրագիրը իրականացվելու է Միխայել Օտտո (Michael Otto) բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ։

Նոր ծրագրում NABU-ն խթանում է Հայաստանում Արաքսի ցածրադիր վայրերում արժեքավոր ջրաճահճային տարածքների պաշտպանությունը: Նպատակն է աշխատել տեղական համայնքների հետ, գտնել բնական ռեսուրսների կայուն օգտագործման եղանակներ՝ պահպանելով վտանգված կենդանիների միջավայրը:

Արաքսի հովիտը կարևորագույն օղակ է Կովկասում։ Բազմաթիվ ջրային տարածքները կտրուկ հակադրություն են ստեղծում Հայաստանի այլ չոր լեռնային լանդշաֆտների հետ: Հենց դա է պատճառը, որ դրանք արժեքավոր բնակավայր են, հատկապես թռչնատեսակների համար, որոնք բնակվում են ջրաճահճային տարածքներում: Հայաստանում թռչունների 350 տեսակներից շուրջ 140-ը ջրաճահճային տեսակներ են, որոնք ներառում են նաև վերացման եզրին կանգնած տեսակներ։ NABU-ի թռչնի՝ սպիտակ արագիլի ամենամեծ պոպուլյացիան նույնպես այս հատվածում է: Իր բերրի հողի և մայրաքաղաք Երևանին մոտ լինելու պատճառով, այնուամենայնիվ, Արարատյան դաշտը ենթարկվում է մեծ ծանրաբեռնվածության: Գյուղատնտեսական և արդյունաբերական ինտենսիվ օգտագործումը հանգեցնում է բնակավայրերի կորստի և շրջակա միջավայրի բազմաթիվ խնդիրների, ինչպիսիք են ջրի աղտոտումը և հողի դեգրադացումը:

Արաքսին բնապահպանական վնասը հատկապես ակնհայտ է արագիլների պոպուլյացիայի օրինակով. Արաքսի ցածրադիր վայրերը իսկական Էլդորադո են մոտ 560 զույգ արագիլների համար: 2018 թվականից ի վեր, սակայն, թռչուններն ավելի ու ավելի են աղտոտվում յուղով: Երբեմն փետուրերն այնքան սոսնձված են իրար, որ կենդանիները չեն կարողանում թռչել ու ոչնչանում են: Լաբորատոր փորձերը ենթադրում են, որ աղտոտումն առաջանում է անօրինականորեն թափված սննդային յուղերի պատճառով: Սակայն մինչ այժմ աղտոտման աղբյուրը հնարավոր չէր գտնել և պարզել:

Այս ծագրում NABU-ն տեղի բնակչության հետ միասին լուծումներ է գտնում Արաքսի ցածրադիր շրջանի գյուղատնտեսական տարածքներն ու ջրերը նուրբ և էկոլոգիապես մաքուր եղանակով օգտագործելու և բնապահպանական խնդիրներին համատեղ հակազդելու համար: Ծրագրի նպատակն է համայնքի մակարդակով կամավորների միջոցով պահպանել բնությունը, պաշտպանել արժեքավոր բնակավայրերը և խթանել ռեսուրսների կայուն կառավարումը: Արաքսի վտակ Մեծամոր գետի շրջակայքում գտնվող ծրագրային տարածքում, որը արժեքավոր բնական տարածքներ ունի, նախ իրականացվելու է կենսաբազմազանության վերլուծություն: Հետագայում՝ գրեթե երկամյա ծրագրի ընթացքում, տեղի գործընկերները կաջակցեն բնության կամավոր պահպանման խմբերի ստեղծմանը, կպատրաստեն առաջարկություններ համայնքներում ջրային տարածքների և հողերի պաշտպանության և օգտագործման համար, կանցկացնեն կլոր սեղաններ ջրի կառավարման վերաբերյալ համայնքի ներկայացուցիչների հետ և կիրականացնեն էկոկրթական դասընթացներ: Այսպիսով, ծրագիրը կարևոր ներդրում է ունենում Արաքսի արժեքավոր բնակավայրերի պահպանման և կայուն օգտագործման գործում:

Հատուկ շնորհակալություն Միխայել Օտտո (Michael Otto) բնապահպանական հիմնադրամին, որն  իր աջակցությամբ հնարավոր դարձրեց ծրագիրը: