/ Պարունակություն / Տարվա թռչուն 2023՝ քարարծիվ

Տարվա թռչուն 2023՝ քարարծիվ

Քարարծիվ (Aquila chrysaetos)
Կարգ` Բազեանմաններ (Falconiformes)
Ընտանիք` Ճուռակներ (Accipitridae)

Քարարծիվը Հայաստանում 2023 թվականի տարվա թռչուն․ «տարվա թռչուն» ամենամյա կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա: Հանրային քվեարկության արդյունքում Քարարծիվն ընտրվեց 2023 թվականի «տարվա թռչուն»: 

Տարածվածությունը․ քարարծիվը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Եվրասյիայում՝ Չինաստանից արևելք և Միջին ասիայից հարավ (մոտ 140,000,000 կմ2): Քարարծիվը Եվրասիայի ամենամեծ արծիվներից մեկն է։ Թևերի բացվածքը կարող է հասնել մինչև 2,3մ, իսկ քաշը՝ ավելի քան 6կգ։ Հայտնի է քարարծվի 5 ենթատեսակ: Հայաստանում հանդիպում է homeyeri (Aquila chrysaetos homeyeri) ենթատեսակը: Համաձայն վերջին տվյալների, Հայաստանում բնադրում են 34-38 զույգեր:

Կենսամիջավայրը․ տեսակը զբաղեցնում է հարթ կամ լեռնային, հիմնականում բաց կենսամիջավայրեր, հաճախ անտառագծից բարձր՝ ծովի մակարդակից մինչև 4000 մ բարձրության վրա: Հիմալայներում այն գրանցվել է մինչև 6200 մ բարձրության վրա (Watson, 2010): 

Սննդակարգը․ տեսակի սննդակարգը շատ լայն է՝ որսում է մինչև միջին չափերի կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երբեմն ձկներ, երկկենցաղներ և միջատներ: Հնարավորության դեպքում չեն հրաժարվում սնվել լեշով: Որսված կենդանիների քաշը սովորաբար կազմում է 0,5-4,0 կգ: Որսը որոնում են բարձր սավառնելով երկնքում կամ, օրինակ վատ եղանակային պայմաներում, ցածր թռչելով լանջերի երկայնքով: Երբեմն որսին հետևում են բարձր տեղերում նստած (սյուներ, ժայռեր, ծառերի գագաթներ և այլն): 

Բազմացումը․ քարարծիվները միևնույն տեղանքում, իրարից որոշակի հեռավորության վրա կարող են ունենալ մինչև 12 բույն: Տեսակը շատ զգուշավոր է և զգայուն ցանկացած անհանգստացնող գործոնի նկատմամբ: Սովորաբար տարեցտարի օգտագործում են նույն բույնը կամ հերթականությամբ օգտագործում են մի քանի բներ։
Ձվադրում են հիմնականում 1-2 ձու: Ինկուբացիան կատարվում է երկու առանձնյակների կողմից է, սակայն սովորաբար էգն ավելի շատ է թխսում քան արուն: Ինկուբացիան տևում է 41-45 օր, իսկ ձագերի առաջին թռիչքը տեղի է ունենում կյանքի 60-70-րդ օրը: Մինչև այս փուլիը ովորաբար միայն մեկ՝ ուժեղ ձագն է գոյատևում։ Բները կառուցում են ժայռերին, հանդիպում են նաև ծառերի վրա: Տարբեր զույգեր բները կառուցում են իրարից բավականին մեծ հեռավորության վրա՝ 8-10 կմ: Բների կառուցման համար օգտագործում են ճյուղեր, բուրդ և խոտեր:

Չուն․ ընդհանուր առմամբ, հասուն առանձնյակները համարվում են նստակյաց, իսկ երիտասարդ արծիվները կյանքի առաջին մի քանի տարիներին ցրվում են իրենց բնադրավայրից մինչև 1000 կմ հեռավորության վրա: քարարծվի այն պոպուլյացիաները, որոնք զբաղեցնում են հիմնականում հյուսիսային շրջանները, ինչպիսիք են՝ Ալյասկան կամ հյուսիսային Ռուսաստանը, սովորաբար չվում են ավելի հարավ:

Պահպանության կարգավիճակը․ համաշխարհային պոպուլյացիայի չափի նախնական գնահատմամբ թվաքանակը կազմում է 120,000-160,000 հասուն անհատներ: Թեև տեսակն ընդգրկված է Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ/IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) որպես «Նվազագույն վտանգված» (LC) կարգավիճակով, այնուամենայնիվ Հայաստանում Քարծիվը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և համարվում է սակավաթիվ, «Խոցելի» (VU D1) տեսակ: 

Վտանգման գործոնները․ Հայաստանում ամենախիստ բացասական ազդեցությունն է թողնում 
•    մարդկանց կողմից քարարծվի ուղղակի հետապնդումը,
•    որսագողությունը և ապօրինի որսը՝ վաճառքի կամ անազատ պայմաններում թռչնին պահելու նպատակով, 
•    իրականացվող վերահսկողության և էկոլոգիական կրթության անբավարար վիճակը, 
•    գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատները, որոնք կուտակվում են քարարծվի հավանական սնունդ հանդիսացող տեսակների օրգանիզում: