«Սևան» ազգային պարկը ստեղծվել է 1978 թ-ին: Տարածքը, Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի՝ 22.585 հա։
Լիճը ներկայումս գտնվում է 1900 մ բարձրության վրա: Լճի հայելու մակերեսը 1280 կմ2 է, թեև մինչև 1930-ական թվականները 1416 կմ2 էր:
Ազգային պարկը ստեղծվել է կարևորագույն բարձր լեռնային լճային էկոհամակարգի, ձկների (Սևանի իշխան, Սևանի բեղլու, Սևանի կողակ), բույսերի և կենդանիների էնդեմիկ տեսակների, այդ թվում էնդեմիկ հայկական որորի, չվող ջրլող թռչունների հանգստատեղերի պահպանության նպատակով:
Հանդիպող թռչնատեսակներից են հայկական որորը, կարմիր բադը, խայտաբադը, կռնչան բադը, սև փարփարը, կարմրակտուց սուզաբադը, սպիտակապոչ արծիվը, կիվիկը, ճահճային ճուռակը և այլն: Թռչուններից վարդագույն եև գանգրափետուր հավալուսները, մեծ և փոքր ձկնկուլները, սովորական ֆլամինգոն, տուրպանը, թշշան եւ ճչան կարապները և բադերի տարբեր տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:
Ազգային պարկում կենդանական աշխարհի մյուս խմբերից հանդիպում են սողունների (սպիտակափոր և նաիրյան մողեսներ, սովորական և ջրային լորտուներ, օձերի տարբեր տեսակներ), երկկենցաղների (կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական գորտ) և կաթնասունների բազմաթիվ տեսակներ:
Ազգային պարկի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով Սևանավանքը (10-րդ դ.), Հայրավանքը (12-րդ դ.), Վանեվանքը (10-րդ դ.), Նորատուսի բազմաթիվ խաչքարերը և այլն):