/ Պարունակություն / «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի շահառուների համար նոր...

«Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի շահառուների համար նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ» թեմայով դասընթացներ

«Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիրը» մեկնարկել է 2018 թվականից և այդ թվականից ի վեր  Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և ԱԿԲԱ ֆեդերացիայի համատեղ աշխատանքների արդյունքում հաջողվել է ընտրել 12 շահառուների, ովքեր ստացել են աջակցություն հյուրատներ և գաստրոբակեր ստեղծելու, հյուրատները ընդլայնելու և զարգացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում ներկայանալու համար։

Այսքանով չի ավարտվել մեր աջակցությունը և այս անգամ Էրեբունի-պլազա բիզնես կենտրոնում կազմակերպվել էր «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի շահառուների համար նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով վերապատրաստման դասընթացներ հյուրատների միջոցով հյուրանոցային բիզնեսի կառավարման առանձնահատկությունների, հյուրանոցային տնտեսությունում եկամուտների կառավարուման, հյուրատների մասով բանկերի հետ գործակցության,  հյուրատների գաստրո և բնահենք զբոսաշրջության համադրման և այլ թեմաներով։ Վերոնշյալ դասընթացը անցկացրեցին ոլորտի լավագույն փորձագետները, մասնավորապես՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Վալերի Բրյուսովի անվան համալսարանի սերվիսի և զբոսաշրջության ամբիոնի վարիչ Էմիլ Չերքեզյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի խորհրդական Անահիտ Ոսկանյանը։

Վերապատրաստման դասընթացի ընթացքում ակտիվ քննարկվեցին շահառուների կողմից հնչող բոլոր հիմնահարցերը և հիմք դրվեցին հետագա համագործակցությունների:

Վերջում, գյուղական տուրիզմի ծրագրի շահառուների համար հայտարարվեց նաև փոքր դրամաշնորհային մրցույթ, որի նպատակներն են կայուն զարգացումը, հյուրատների ընդլայնումը, զբոսաշրջիկների համար հստակ ծրագրերի մշակումը և այլն։ Գործող շահառուներից առնվազն 5-ը կստանան փոքր դրամաշնորհներ՝ նրանց կողմից ներկայացվող ծրագրերի մրցութային կանոններին համապատասխանության դեպքում։