Ապրիլի 1-ն աշխարհում նշվեց որպես թռչունների միջազգային օր։ Օրվանն ընդառաջ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «տարվա թռչուն 2024՝ սպիտակապոչ արծիվ» արշավի շրջանակներում նախաձեռնել են թռչնադիտարկում, որին միացել են նաև մի շարք անհատ թռչնաբան-թռչնադիտարկողներ, ուսանողներ և կամավորներ։
Մասնակիցները, բաժանվելով 6 խմբի, ուսումնասիրություններ են կատարել սպիտակապոչ արծվի կենսամիջավայրին հատուկ տարածքներում, հաշվառել տեղանքում բնակվող թռչնատեսակներին՝ նպատակ ունենալով ստուգել նաև տարվա թռչնի հնարավոր առկայությունը։
Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը «տարվա թռչուն» արշավի, սպիտակապոչ արծվի կենսամիջավայրի վերաբերյալ՝ միավորել ոլորտում գործող կազմակերպություններին, մասնավորապես՝ NABU հայաստանյան մասնաճյուղ, FPWC, ԵՊՀ կենդանաբանության ամբիոն, ինչպես նաև անհատ-թռչնադիտարկողներ և կամավորներ։
Նշենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն արշավը իրականացնում է դեռևս 2020 թվականից՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա: Արշավի մասին մանրամասների համար անցեք հղմամբ։
Այս ամենին հաջորդեց NABU հայաստանյան մասնաճյուղի կողմից օրվա առթիվ Օհանյան կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտների հետ թռչնադիտարկման իրականացումը Ծիծեռնակաբերդի այգում։
Աշակերտները հնարավորություն ստացան դիտարկելու տարածքում առկա թռչնատեսակներին և ծանոթանալու նրանց առանձնահատկություններին։