Մեր մասնագետներն իրականացրին սպիտակ արագիլների արբանյակային նշադրում, օղակավորում և փետուրների նմուշառում։
Արբանյակային տվիչների տեղադրումը նպատակ ունի ուսումնասիրելու չուն և լոկալ տեղաշարժերը։
4 տարբեր աստիճանի աղտոտված և 3 մաքուր երիտասարդ արագիլների վրա տեղադրվել են արբանյակային տվիչներ, որոնց միջոցով մենք կհետևենք թռչուններին՝ հասկանալու և գնահատելու նրանց գոյատևման գործակիցը։
Օղակավորման աշխատանքների ընթացքում արագիլների բներում նկատելի է կենցաղային թափոնների մեծ կուտակում, ինչը նրանք օգտագործում են որպես բնի կառուցման շինանյութ։ Կենցաղային թափոնների առկայությունը արագիլների բներում վկայում է աղտոտված շրջակա միջավայրի մասին, ինչը բացասական է ազդում նաև մարդկանց առողջության վրա:
Աշխատանքների ընթացքում նկատելի էին նաև զանազան ձկնորսական, կենցաղային կամ տեխնիկական օգտագործման ցանցերի և պարանների մեջ խճճված ձագեր, որոնց մի մասն արդեն իսկ ստացել էր վերջույթների դեֆորմացիա, մի մասը՝ անկում ապրել, իսկ մյուսներին հնարավոր է եղել ժամանակին օգնություն ցույց տալ՝ ազատելով նրանց խճճված ցանցերից:
Քանի որ նախորդ տարիներին իրականացված փետուրների նմուշառման հետազոտությունները հակասական արդյունք են ցույց տվել, այս տարի նույնպես իրականացվեց նմուշառում՝ երեք՝ տեղական և արտասահմանյան ախտորոշիչ լաբորատորիաներ ուղարկելու և վերջնական եզրակացություն ունենալու համար։
Հետազոտության արդյունքներն ունենալուց հետո այն կներկայացնենք նաև ձեզ։