Ուրախ ենք տեղեկացնել, որ «NABU»-Հայաստանի կողմից Անգղների միամսյակի շրջանակում կազմակերպված՝ «Ճանաչենք Հայաստանի անգղներին» էկոկրթական քարոզարշավը եզրափակվեց դեպի Արմաշ թռչնադիտարկում-այցով:
Շուրջ 70 աշակերտ՝ 5 մասնակից դպրոցներից (Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց, Այնթափի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, Արարատի Պարույր Սևակի անվան համար 2 հիմնական դպրոց, Վեդու համար 2 միջնակարգ դպրոց, Ալպինիզմի ֆեդերացիայի «4 գագաթ» մանկապատանեկան ակումբ), հնարավորություն ստացան բնության գրկում դիտարկելու Հայաստանում հանդիպող թռչուններին և ստանալու նրանց մասին նոր ու հետաքրքիր գիտելիք:
Թռչնադիտարկման ավարտին նաև տեղի ունեցավ «Ինչպես կպաշտպանեմ իմ սիրելի անգղին» մրցույթի մրցանակաբաշխությունը, որի չորս հաղթողները Հայաստանում բնակվող չորս անգղների անունից ստացան մրցանակ՝ հեռադիտակներ:
Հաղթող աշխատանքներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում: Մենք անպայման անդրադառնալու ենք յուրաքանչյուրին՝ ներկայացնելով երեխաների պատկերացումները և առաջարկությունները անգղների և առհասարակ բնության պահպանության վերաբերյալ: