Հայկական մուֆլոնը մանր վայրի ոչխարների տեսակներից է: Հիմնական ապրելավայրերը լեռնային լանդշաֆտներն ու չոր տափաստաններն են: Հանդիպում են մի քանիսից մինչև մի քանի տասնյակ առանձնյակից կազմված խմբեր: Մարմնակազմվածքը սլացիկ է, կոտոշները՝ դեպի մեջքն ինքնատիպ թեքվածությամբ:
Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի գլխաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300-ը: Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումն ու անասունների արածեցումը:
«NABU»-Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Սյունիքի մարզում հայկական մուֆլոնի պահպանման գործին՝ աջակցելով պահպանվող տարածքների և հակաորսագողական խմբերի գործունեությանը, տեղեկություն տարածելով մուֆլոնների պոպուլյացիաների վրա մարդածին գործոնների բացասական ազդեցության մասին:
Բնապահպանական գործունեություն է իրականացվել երեք հիմնական ուղղությամբ.
- որսագողության դեմ պայքար
- կրթություն
- մոնիթորինգ
1. Մուֆլոնների պոպուլյացիայի պահպանման և աճի համար կարևոր նշանակություն ունի որսագողության դեմ պայքարը: Հակաորսագողական խմբերի ֆինանսավորման և տեխնիկական զինման նպատակով «NABU»-Հայաստանն ավտոմեքենա է նվիրաբերել:
2. Սյունիքի մարզի դպրոցներում տարեկան երկու անգամ բնապահպանական թեմաներով սեմինարներ են կազմակերպվում: Աշակերտներին ներգրավելու, կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտության գաղափարը երիտասարդների շրջանում տարածելու նպատակով կազմակերպվում են մրցույթներ: Մասնակիցները ներկայացնում են թեմատիկ ռեֆերատներ, արվեստի գործեր: Հաղթողները «NABU»-Հայաստանի կողմից պարգևատրվում են, ստանում նվերներ:
3. Մուֆլոնների պոպուլյացիայի թվաքանակի, կենդանիների տեղաշարժերի մասին տեղեկությունների հավաքագրման նպատակով՝ Գերմանիայի «NABU»-Հայաստանի աշխատակիցները հակաորսագողական խմբերի հետ շրջայցեր են կազմակերպվում: Գրասենյակի հանձնարարությամբ՝ ամսական միջինը հինգ անգամ արշավներ են կազմակերպվում մուֆլոնների բնակության հիմնական վայրերում: