«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավի շրջանակում «NABU»-Հայաստանը շարունակում է աջակցել հետաքրքրված կազմակերպություններին, երիտասարդական խմբերին և նախաձեռնություններին՝ Հայաստանի ջրային տարածքների մաքրման աշխատանքների իրականացման գործում:
Քարոզարշավի շրջանակում օգոստոսին տարբեր կազմակերպությունների և երիտասարդական խմբերի ջանքերով տեղի ունեցան երեք ջրային տարածքի մաքրման աշխատանքներ:
Այսպես, գոստոսի 13-ին «Էյ-Թի-Փի» («Armenian Tree Project») բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և «NABU»-Հայաստանի աջակցությամբ մի խումբ կամավորներ ուղևորվեցին Մարմարաշեն՝ տեղի աղտոտված ջրամբարի ափերը մաքրելու նպատակով:
Կամավորների հաջորդ խումբը Տավուշի մարզի Իծաքար համայնքի մշակութային կենտրոնի բնապահպանական նախաձեռնության անդամներն էին, ում առաջարկով և ջանքերով օգոստոսի 20-ին մաքրման աշխատանքներ իրականացվեցին Հախում գետի ափին գտնվող Աղսու հանդամասում: Նախաձեռնության անդամները այսպիսով ցանկանում էին իրենց համայնքի ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի և հատկապես՝ ջրային տարածքների աղտոտվածության հիմնախնդրի վրա և իրենց արարքով համայնքի այլ բնակիչների մեջ պատասխանատու վերաբերմունք ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ:
«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագրի շրջանակում օգոստոսին տեղի ունեցած մաքրման աշխատանքները եզրափակվեցին Տավուշի մարզի Մովսես համայնքում: Այստեղ Տեր Աբել Քարտաշյանի նախաձեռնությամբ Մովսեսի երիտասարդներն իրականացրեցին նույնանուն գետի, ինչպես նաև Խրամի ձորի մաքրման աշխատանքներ: Ընտրված տեղամասերն այնքան աղտոտված էին, որ կամավորներն աշխատել են երկու լրիվ օր՝ օգոստոսի 17-ին և 18-ին, տարածքն աղբից ազատելու և դրա բնական վիճակի վերադարձնելու նպատակով: