/ Պարունակություն / Առաջին անգամ նկատվել է աղտոտվածության նվազում

Առաջին անգամ նկատվել է աղտոտվածության նվազում

Առաջին անգամ 2020-2024 թթ ընթացքում նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտում։

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող հետազոտությունները ցույց են տալիս, որ 2020-2024 թթ․ ընթացքում առաջին անգամ նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտում: Չնայած դրան՝ խնդիրը շարունակում է մնալ արդիական:

2024 թվականին Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 42,5 % (15,6 % նվազում՝ 2023 թվականի համեմատ), մասնավորապես՝

  • Արարատի մարզում սպիտակ արագիլների աղտոտվածությունը, ըստ բների, կազմում է 56,7 % (9,1 % նվազում՝ 2023 թվականի համեմատ):
  • Արմավիրի մարզում՝ 30,6% (21,3 % նվազում՝ 2023 թվականի համեմատ):

Աղտոտվածության արեալն Արարատյան դաշտում, ընդհանուր առմամբ, նվազել է 1 %-ով:

Նկատվում է նաև մեկ առանձնյակի վրա աղտոտման ինտենսիվության նվազում՝ «շատ աղտոտված»-ից դեպի «թույլ աղտոտված», սակայն դեռևս առկա են բավականին մեծ քանակությամբ «շատ աղտոտված» առանձնյակներ:

2024 թվականի հաշվառման ընթացքում պարզ դարձավ, որ աղտոտման խնդիրը մասամբ ներառում է նաև Երևանը, Արագածոտնի և Կոտայքի մարզերը:

Աղտոտման նվազումը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական և մարդածին հանգամանքներով, որոնք ավելի հստակ հնարավոր կլինի ցույց տալ վերլուծության ավարտից հետո:

Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ պայմանավորված սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրով։ Աշխատանքների շրջանակներում իրականացվել է Արարատյան դաշտում (Արմավիրի և Արարատի մարզեր) թռչնատեսակի հաշվառում, աղտոտածության աստիճանի և արեալի բացահայտում, ինչպես նաև օղակավորման, նմուշառման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի հետ համագործակցությամբ։

Հարկ է նշել նաև, որ 2024 թվականը սպիտակ արագիլների միջազգային հաշվառման տարին է, որը կոորդինացնում է Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU)։ Միության հայաստանյան մասնաճյուղը, միանալով հաշվառմանը, այս տարի իրականացրեց սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։