2023 թվականին Թաթարստանի Կամա-Ուստինյան շրջանում ծնված և նշադրված երիտասարդ բլրային արծիվը/գերեզմանարծիվը, որը ստացել էր Սալտիկ անունը, ընտրում է չուի բոլորովին այլ ուղղի, քան իր ընտանիքը, ինչի արդյունքում հայտնվում է նաև Հայաստանի երկնակամարում:
Սալտիկ արծվի հայրը՝ Դեուկան, ևս նշադրվել էր Թաթարստանի մեր գործընկերների կողմից դեռևս 2019 թվականին և բարեհաջող կերպով զույգ է կազմել ու բնադրել իր ծննդավայրից 252 կմ դեպի հյուսիս, ինչն էլ դարձնում է Դեուկայի բույնը Պրեդվոլժիեյի ամենահյուսիսային բույնը:
Դեուկան և իր զուգընկերուհին բարեհաջող կերպով խնամում են ձվերը և ձագերին: Երկու ձագերն էլ նշադրվել են 2023 թվականի հուլիսին և սկսել իրենց չուն, համապատասխանաբար՝ հոկտեմբերի 10-ին և 19-ին: Արբանյակային տվիչներով նշադրումը հնարավորություն է ստեղծում ուսումնասիրել միգրացիոն վարքագծային առանձնահատկությունները տեսակների մոտ և արդեն հայտնի է, որ Բլրային արծիվների ընտանիքի անդամները չվում են միմյանցից անկախ և կարող են ընտրել չուի տարբեր ուղիներ: Հենց այդպես էլ տեղի ունեցավ Սալտիկի և իր ընտանիքի մյուս անդամների դեպքում: Մինչդեռ Դեուկան (հայրը) և Ալգաման (դուստրը) ընտրում են Կասպից ծովը արևելքից շրջանցելու ուղղին, Սալտիկն ընտրում է Կովկասը, ինչի արդյունքում էլ, թռչելով Կազբեգի և Թբիլիսիի վրայով շուտով հայտնվում է նաև Հայաստանի երկնակամարում: Կցված քարտեզում կարող եք տեսնել Սալտիկ արծվի երթուղին:
Մաղթում ենք նրան բարեհաջող չու և ձմեռում: Խորհուրդ ենք տալիս զգուշանալ թռչունների համար վտանգավոր էլեկտրալարերից և սյուներից:
Բլրային արծիվը Հայաստանում հազվադեպ հանդիպող տեսակ է: Բնադրման մասին վերջին գրանցումը կատարվել է 1995 թվականին: Երիտասարդ առանձնյակները հազվադեպ, բայց հայտվում են ՀՀ երկնակամարում չուի ժամանակ: Բնադրման բացակայության պատճառները հասկանալու համար անհրաժեշտ են խորքային հետազոտություններ:
Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության ծրագրի շրջանակներում՝ Թաթարստանի, Դագիստանի և Ուլյանովսկի մեր գործընկերների հետ:
Դեուկիի ձագերը նշադրվել են «բլրային արծիվների ուսումնասիրություն և պահպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Կովկաս» ոչ պետական բնապահպանական կենտրոնը Թռչունների պահպանության ռուսական ասոցիացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից` NABU միջազգային հիմնադրամի և VGP հիմնադրամի աջակցությամբ: