Այսօր աշխարհում նշվում է NABU-ի խորհրդանիշ թռչնատեսակի՝ սպիտակ արագիլի միջազգային օրը։
Սպիտակ արագիլը ոչ միայն կազմակերպության խորհրդանիշն է, այլև իր մեծ նշանակությունն ունի հայկական ժողովրդական պատկերացումներում, ըստ որոնց՝ արագիլները կերպարանափոխված մարդիկ են։ Սպիտակ արագիլը հանդես է գալիս որպես հովանավոր, որը հսկում է մարդկանց և թույլ չի տալիս, որ վերջիններիս դժբախտություն պատահի։
Այսօր շատ կարևոր օր է վերհիշելու այն, որ այսօր Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցանիշն են դարձել սպիտակ արագիլները։
2017 թվականից Արարատի մարզի Հովտաշեն գյուղից ստացվեցին առաջին արձագանքներն առ այն, որ սպիտակ արագիլները աղտոտվում են, այսինքն՝ իրենց փետրածածկը սևանում է։
Այս խնդիրներով պայմանավորված՝ 2020 թվականից Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը, որը նպատակ ունի ուսումնասիրելու աղտոտվածության հիմնախնդիրը։
Հիշեցնենք նաև, որ այս տարի սպիտակ արագիլների միջազգային հաշվառման տարին է, ինչը նշանակում է, որ հաշվառում կկատարվի ողջ Հայաստանում և զուգահեռաբար կիրականացվեն նմուշառման, օղակավորման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։