«NABU»-ի սիրելի հետևորդներ: Ուզում ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 1-ը ոչ միայն Գիտելիքի միջազգային օրն է, որի առթիվ սրտանց շնորհավորում ենք բոլորին, այլ նաև Անգղների մասին իրազեկման միջազգային օրն է, որը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի առաջին շաբաթ օրը:
«NABU»-Հայաստանը հայտարարում է Անգղների միամսյակ, որի ընթացքում կիրականացնի անգղների մասին իրազեկման աշխատանքներ սոցիալական ցանցերում, դպրոցներում և հասարակական վայրերում, այս թռչունների հանդեպ վերջին շրջանում տեղի ունեցած վանդալիզմը կանխելու և աճող սերնդի մոտ նրանց հանդեպ հոգատար վերաբերմունք ձևավորելու նպատակով:
Այս մեկ ամսվա ընթացքում մեր ֆեյսբուքյան էջում կարող եք գտնել հետաքրքիր նյութեր անգղների, նրանց կենսակերպի և տարածվածության մասին, ինչպես նաև կարող եք հետաքրքիր նյութեր ուղարկել (ֆոտո, վիդեո, տեքստային և այլ ֆորմատներով) մեր ֆեյսբուքյան էջին: Այդ նյութերից լավագույնները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով և կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում:
Բացի այդ «NABU» Հայաստանի թիմը մի շարք դպրոցներում կիրականացնի էկոկրթական դասընթացներ՝ «Հայաստանի անգղները» խորագրով, որոնց ժամանակ ևս կհայտարարվի անգղների հետ կապված լավագույն նկարի, պատմվածքի կամ որևէ այլ հետաքրքիր և յուրօրինակ նյութի մրցույթ: Աշակերտները նաև հնարավորություն կստանան մասնակցելու մեր կողմից իրականացվող թռչնադիտարկում-արշավին:
Միջոցառումների շարքը կավարտվի հանրային դասախոսությամբ և թռչնադիտարկում-արշավով, որի մասին տեղեկություններ կգտնեք մեր ֆեյսբուքյան էջում առաջիկա օրերին:
Մենք նաև բաց ենք լսելու հետաքրքիր առաջարկներ և սիրով կսպասենք ձեր մասնակցությանը:
Հ.Գ. Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ մենք միացել ենք Անգղների մասին իրազեկման միջազգային օրվան, որի մասին տեղեկությունները կարող եք գտնել այստեղ: