/ Պարունակություն / «Մաքուր ափ, մաքուր աղբյուր. 2020» Բնապահպանական քարոզարշավ

«Մաքուր ափ, մաքուր աղբյուր. 2020» Բնապահպանական քարոզարշավ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ընդունելով 1993-ի փետրվարի 22-ի 47/193 բանաձևը, մարտի 22-ը հայտարարեց «Ջրի համաշխարհային օր»: Այդ ժամանակից ի վեր, «Ջրի համաշխարհային օրը» նշվում է աշխարհի շատ երկրներում: Քանի որ մարտի 22-ը հանդիսանում է յուրահատուկ հնարավորություն մարդկությանը հիշեցնելու ջրային ռեսուրսների՝ շրջակա միջավայրի և հասարակության զարգացման համար կարևորության մասին, ապա NABU-ի հայաստանյան մասնաճյուղը նույնպես միանում է այս հատկանշական օրվա խորհրդին և մեկնարկում է  «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» բնապահպանական քարոզարշավը:

Կենդանիների և բույսերի եզակի տեսակներով հարուստ ջրային տարածքները չափազանց կարևոր են ինչպես վայրի բնության, այնպես էլ մարդու բնականոն կյանքի համար, հետևաբար, այդ տարածքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Հայաստանում ջրային էկոհամակարգերի աղտոտման հիմնական պատճառներն են գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունը, ինչպես նաև բնակչության անտարբեր վերաբերմունքը այս խնդրի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ ջրային ռեսուրսները Հայաստանի հարստությունն են:

«Ջրի համաշխարհային օրը» 2020 թվականին նվիրված է ջրային ռեսուրսների և կլիմայի փոփոխություններին, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող անբաժանելի կապին: Այս համաշխարհային քարոզարշավը ցույց է տալիս, թե ինչպես ջրօգտագործման մեր մոտեցումը կօգնի նվազեցնել ջրհեղեղները, երաշտը, ջրի սակավությունն ու աղտոտումը և, ինքնին, կօգնի պայքարել կլիմայի փոփոխության դեմ:

Քանի որ ջրային տարածքների աղտոտման և Հայաստանում բնապահպանական կրթության ցածր մակարդակի խնդիրները շարունակում են մնալ ակտուալ, NABU-ի հայաստան մասնաճյուղը նախատեսում է շարունակել «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» բնապահպանական քարոզարշավը`սկսած 2020 թվականի մարտի 22-ից: Քարոզարշավը ոչ միայն կնպաստի մաքուր միջավայրի զարգացմանը, այլև կզարգացնի մասնակիցների էկոլոգիական մշակույթը, որը հետագայում օրինակ կդառնա ուրիշների համար:

NABU-ի հայաստանյան մասնաճյուղի այս արշավը հնարավորություն է տալիս ձևավորել ակտիվ վերաբերմունք շրջակա միջավայրի աղտոտման բնապահպանական խնդրի՝ մասնավորապես ջրային ռեսուրսների նկատմամբ, ինչպես նաև, խթանում է բնության և ջրային ռեսուրսների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը, սևեռում հասարակության ուշադրությանը այս խնդրի և վերջինիս լուծման ուղիների հայտնաբերման վրա:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Աշխարհում՝ այդ թվում նաև Հայաստանում, ստեղծված Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետևանքով, մենք ստիպված ենք հետաձգել միջոցառումների սկիզբը՝ դրանց իրականացումը թողնելով հաջորդ ամիսներին՝ համաձայն Հայաստանում հայտարարված Արտակարգ Իրավիճակի կանոնակարգի պահանջների: Բնապահպանական քարոզարշավը ակտիվ է մարտի 22-ից, սակայն գործողությունները կկատարվեն Արտակարգ Իրավիճակի հայտարարված ժամկետի ավարտից հետո (ապրիլի 16): Հետագա թարմացումների, գործարկման ամսաթվերի և մասնակցության հնարավորության մասին տեղեկությունները կհայտարարվեն կազմակերպության կայքում և սոցիալական ցանցերում:

 

Հետևե՛ք ծրագիրի թարմացումներին և մնացե՛ք առողջ: