Ձեռքաթևավորներին ուսումնասիրող մասնագետները (ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոսներ) երկօրյա վրանային ճամբարի ընթացքում մանրակրկիտ ներկայացրեցին ձեռքաթևավորների ուսումնասիրության ժամանակակից մեթոդները. կապեցին ուլտրաբարակ ցանցեր՝ չղջիկներին բռնելու և նրանց «ափի մեջ» ցույց տալու նպատակով, ուլտրաձայնային դետեկտորների միջոցով մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին լսելու նրանց արձակած ձայները, տեղադրեցին հատուկ պատրաստված բնադրման արկղեր, ինչպես նաև ներկայացրեցին հետաքրքիր և հանրամատչելի դասախոսություն՝ նրանց պահպանության առանձնահատկությունների վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակից էին ինչպես հայաստանցի (ԵՊՀ ուսանողներ, հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, «NABU»-Հայաստանի կամավորներ և այլ հետաքրքրված անձիք այնպես էլ Գերմանիայից ժամանած 26 ուսանող և գիտաշխատող, ովքեր մեզ միացան Գնդեվանքի կիրճում: Նրանք ևս մասնակից եղան դասախոսություններին և դաշտային աշխատանքներին ու բոլորի հետ միասին ստացան մասնակցության հավաստագրեր:
Բացի այդ, երեկոյան խարույկի շուրջ, միջոցառման մասնակիցները ներկայացրեցին իրենց պատրաստած հետաքրքիր նյութերը չղջիկների մասին: Իսկ առավել ակտիվ ու հետաքրքիր նյութեր պատրաստած մասնակիցները պարգևատրվեցին:
Միջոցառումն աչքի ընկավ նաև Այնթափի դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Նարինե Փիլոյանի և ճամբարին մասնակից փոքրիկների կողմից կազմակերպված աղբահավաքով:
Միջոցառումն ավարտվեց Նորավանքի վանական համալիր մշակութային այցով:
Միջոցառման մասնակիցների կարծիքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Հետաքրքիր է իմանալ
«Չղջիկների միջազգային գիշեր» միջոցառումը նշվում է 1997թ.-ից ի վեր: Այն ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառում է, որի նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը այս կենդանիների պահպանության խնդիրների վերաբերյալ, մարդկանց ծանոթացնել չղջիկների տեսակներին, հնարավորություն ընձեռել ուլտրաձայնային դետեկտորների միջոցով լսել նրանց և այլն: Միջոցառմանը մասնակցում է աշխարհի շուրջ 30 երկիր: Այդ օրը հասարակական, գիտական, կրթական տարբեր կազմակերպություններ և խմբեր կազմակերպում են կրթական-տեղեկատվական միջոցառումներ: 2018 թվականին չղջիկների միջազգային գիշերը նշանակվել է օգոստոսի 25-26-ը, սակայն օրը փոփոխական է տարբեր վայրերում և երկրներում: Գերմանիայում 2018թ.-ի օգոստոսին կազմակերպվել է «Չղջիկների գիշեր 2018» խորագրով 228 միջոցառում: