«NABU»-Հայաստանը ևս միացավ Մաքրության համաշխարհային օրվան՝ «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» քարոզարշավի շրջանակում: «NABU» հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները և կամավորները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Այնթափի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցչական կազմի հետ միասին իրականացրեցին մաքրման աշխատանքներ Երևանի բուսաբանական այգում գտնվող Գետառ գետի շրջակայքում: Աշխատանքների արդյունքում հավաքված ողջ պլաստիկ աղբը, տեսակավորվելուց հետո ուղարկվեց վերամշակման:
Աղբահավաքի ողջ ընթացքում մեզ ուղեկցեցին այգու բնակիչները՝ շնիկն ու փիսիկը, ովքեր ևս ոգևորվել էին իրենց շուրջը տեղի ունեցող իրարանցումից:
Սակայն այդ օրը մենք չսահմանափակվեցինք միայն բուսաբանական այգու մաքրությամբ: Մեր թիմը և կամավորները բաժանվել էին երկու խմբի և երկրորդ խումբը, «Նեթուորք արշավներ» արշավախմբի անդամների և կամավորների հետ, մեկնել էր Դրախտիկ համայնք՝ այնտեղ ևս մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Տեղում մեզ միացան նաև համայնքի բնակիչները: Աշխատանքներն իրականացնելուց հետո արդեն մաքրված տարածքում տեղադրվեց աղբը տվյալ վայրում թափելն արգելող ցուցանակ: Հուսանք՝ այցելուներն ուշադիր կլինեն և բոլոր մաքրված տարածքները, անկախ ցուցանակների առկայությունից կամ բացակայությունից, մաքուր կպահեն մեր բնությունը:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Այնթափի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցչական կազմին, Բուսաբանական այգու ուղեկցորդ աշխատակցին, «Նեթուորք արշավներ» արշավախմբի անդամներին և կամավորներին, Դրախտիկ համայնքի բնակիչներին և մեր կամավորներին: