Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի նունպես իրականացրեց սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքներ Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր):
Ըստ այս տարվա արդյունքների՝ նախորդ տարվա համեմատությամբ սպիտակ արագիլների աղտոտման արեալը աճել է 59%-ով։ Այս տարի աղտոտում է նկատվել այնպիսի բնակավայրերում, որտեղ մինչ այս աղտոտված թռչուններ առհասարակ չեն դիտարկվել:
Աղտոտված արագիլների տոկոսը Արարատյան դաշտում, ըստ բների, կազմում է 58․1% (18․5% աճ` 2022 թվականի համեմատ), մասնավորապես՝ Արմավիրի մարզում աղտոտվածության աստիճանը հասնում է 51․9%-ի (16․6% աճ` 2022 թվականի համեմատ), իսկ Արարատի մարզում՝ 65․8%-ի (19․2% աճ` 2022 թվականի համեմատ):
Միևնույն ժամանակ աղտոտման ինտենսիվությունը թուլացել է. նախորդ տարիների համեմատությամբ ավելի քիչ են հանդիպում աղտոտվածության «բարձր» աստիճան ունեցող թռչունները, սակայն ավելի շատ՝ «միջին» աստիճան ունեցողները: Նման ցուցանիշի պատճառ կարող է լինել նաև, 2022 թվականի համեմատությամբ, 2023 թվականի ավելի «ցուրտ կլիման»։
Հաշվառումը ևս մեկ անգամ ընդգծեց արագիլների աղտոտման հիմնախնդրի արդիականությունը: Հիմնախնդիրը ցույց է տալիս Արարատյան դաշտում բնական, հատկապես՝ ջրային էկոհամակարգի խաթարումը, ինչը բացասաբար է ազդում նաև մարդկանց առողջության վրա:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս տարի իրականացրել է սպիտակ արագիլների փետուրների նմուշառում բավականին լայն աշխարհագրությամբ՝ գերմանական և հայկական քիմիկան վերլուծական լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություն իրականացնելու նպատակով: