/ Պարունակություն / Եկեք ձևավորենք բնապահպանական վարքագիծ

Եկեք ձևավորենք բնապահպանական վարքագիծ

Եկեք ձևավորենք բնապահպանական վարքագիծ

Հայտնի է, որ գիշատիչ թռչուններն ակնածանքի առարկա են տարբեր ժողովուրդների մոտ, հայերիս համար ևս, ինչի մասին վկայում է օրինակ՝ արծվի առկայությունը ՀՀ գերբի վրա։

Նրանց հետ են կապված բազմաթիվ լեգենդներ, առասպելներ և ծեսեր: Նման վերաբերմունքը պայմանավորված է այս թռչունների որսորդական հիանալի հմտությունների, սրատեսության, ուժի, մեծության, վեհության հետ:

Սակայն հաճախ հանդիպում ենք անգիտակից կամ գիտակից բռնության, երբ մարդիկ, թռչնի հանդեպ «սիրուց» ելնելով մտնում են նրանց բների մեջ, վերցնում ձագերին և պահում իրենց տներում: Որոշ դեպքերում պահվող թռչունը որոշ ժամանակ անց բաց է թողնվում բնություն, երբեմն էլ թռչունները կարող են մինչև իրենց ծերություն պահվել անազատության մեջ, իսկ ավելի հազվադեպ դեպքերում՝ դառնալ ծաղրի առարկա: Սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ մարդկանց առաջնորդում է սեփական ֆինանսական շահը: Այս պարագայում թռչունների ձագերը հանվում են բներից, այնուհետև վաճառվում տարբեր հարթակներում՝ ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս:

Նկարագրված բոլոր դեպքերը բացասաբար են ազդում տեսակների պոպուլյացիայի վրա և ահռելի սթրեսի ենթարկում բնադրող զույգերին: Գիշատիչ թռչունները էկոհամակարգերի և սննդային շղթայի կարևորագույն օղակներից են և նրանց պահպանությունը խիստ կարևոր է: Նրանք նաև մեր ազգային հարստությունն են և յուրաքանչյուր անձ պետք է և կարող է դառնալ նրանց պահպանության մի մասը՝ թույլ չտալով որ այլ անձինք խաթարեն նրանց բնադրման բնականոն ընթացքը:

Յուրաքանչյուր ոք կարող է օգնել մեզ իրականացնել առավել արդյունավետ պահպանություն:

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը տարիներ շարունակ համագործակցում է ՀՀ ՇՄՆ հետ Գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության հարցում:

Հիշեցնենք՝ Գիշատիչ թռչնատեսակների մեծ մասը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։