Խոսրովի անտառ պետական արգելոցը բնության հատուկ պահպանվող տարածք է Հայաստանի Արարատի մարզում: Արգելոցը աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է, որն ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Այն հիմնադրվել է 4-րդ դարում (334-338) Հայաստանի թագավոր Խոսրով Կոտակի հրամանով, ով իր անունն է տվել անտառին: Արգելոցը հիմնադրվել է Արտաշատ քաղաքի հարակից տարածքների բնական կլիմայական պայմանների բարելավման և նոր Դվին քաղաքի բուսական և կենդանական աշխարհի տեսակների պահպանությունն ու հարստացումը ապահովելու համար։ Ծառայել է արքայական որսի, ռազմական վարժությունների և զվարճանքի համար։
Այս տարածքը դարձել է պետական արգելոց 1958-ի սեպտեմբերին և ընդգրկում է շուրջ 23213.5 հա ծովի մակարդակից 700-2800 մ բարձրության վրա: Խոսրովի արգելոցը ստեղծվել է պահպանելու համար գիհու (Juniperus polycarpos) և կաղնու (Quercus macranthera) անտառները, չոր նոսրանտառային, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտները, ինչպես նաև հազվագյուտ կենդանիների և բույսերի գենետիկ ֆոնդը: Այն ներառում է նաև միջազգային նշանակություն ունեցող ջրաճահճային վայրեր: Խոսրովի անտառային պետական արգելոցը իր բազմաթիվ առանձնահատկությունների շնորհիվ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասի էկոհամակարգում:
Հետևյալ պահպանվող տարածքները գտնվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ենթակայության տակ՝
- «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որը ներկայումս բաժանված է չորս շրջանի՝ Գառնիի (4253 հա), Կաքավաբերդի (4745 հա), Խոսրովի (6860,8 հա) և Խաչաձորի (7354,7 հա)
- «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր (95,99 հա)
- «Խոր Վիրապ» պետական արգելավայր (50,28 հա)
Գիտակցելով արգելոցի կարևորությունը՝ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ին շնորհվել է պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմ:
Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ: Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ (Հայաստանի բուսական աշխարհի ավելի քան 50%-ը, իսկ Կովկասի ֆլորայի մոտ 1/3), որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով:
Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են:
Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից
- թռչուններ - 192 տեսակ,
- կաթնասուններ - 44 տեսակ,
- սողուններ - 33 տեսակ,
- ձկներ - 9 տեսակ,
- երկկենցաղներ - 5 տեսակ:
Ողնաշարավոր կենդանիներից 58 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 51 տեսակ՝ Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում: