«Շիկահող» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թ-ին Կապանի անտառտնտեսության հիման վրա` Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող լայնատերև անտառների յուրահատուկ ֆլորան և ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու և վերականգնելու նպատակով: 1963 թ-ին այն վերափոխվել է Բարթասի արգելավայրի և վերականգնվել է որպես արգելոց միայն 1975 թ-ին: Պահպանության հիմնական օբյեկտներն են հանդիսանում լայնատերև (կաղնու, բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և կենդանական աշխարհը:
Արգելոցը գտնվում է Հայաստանի հարավային մասում` Սյունիքի մարզի Կապանի շրջանում, զբաղեցնում է 29505.845 հա` ներառյալ արգելոցի ու «Սոսու պուրակ» արգելավայրի 12137.075 հա տարածքը և «Զանգեզուր» արգելավայրի 17368.77 հա տարածքը: Արգելոցը բաղկացած է Շիկահողի և Մթնաձորի տեղամասերից: Մինչև 2006 թ-ը դրա տարածքը ավելի փոքր էր` 10330 հա:
Շիկահողը զբաղեցնում է Ծավ և Շիկահող գետերի ավազանները Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա և իր մեջ ներառում է Շախբուզ (2372 մ), Գյումարանց (2366 մ), Մազրա (2198 մ) և Բարթաս (2186 մ) լեռնագագաթները: Արգելոցին սահմանակցում են Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղերը:
Արգելոցի սահմաններն անցնում են հարավում Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ մնացած կողմերից` վերը նշված գյուղերի համայնքային հողերի սահմաններով:
Բուսական աշխարհը հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները: Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Այնտեղ տարածված են արևելյան հաճարենին, արևելյան սոսին: Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենիներ, արևելյան խնձորենիներ, հունական վայրի ընկուզենիներ և այլն:
Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ գայլը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը և հովազը: Կենդանիներից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: