Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ տեսակ է, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերի հետ և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերքն ու հումքն է, ինչպես նաև վայրի բույսերը, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:
Օրգանական գյուղատնտեսության համար հարկավոր է օգտագործել այն հողերը, որոնք մի քանի տարի զերծ են մնացել քիմիական միջոցների օգտագործումից: Գոմաղբը, կենսահումուսը, թռչնաղբը բարելավում են հողի կառուցվածքը, հարստացնում են հողը օրգանական նյութերով, բարձրացնում են բերրիության մակարդակը:
Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները՝ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Օրգանական մթերքը ավելի շատ սննդատարրեր է պարունակում, քան ավանդական մեթոդներով աճեցվածը: Ամբողջ աշխարհում ներկայումս առկա է օրգանական արտադրանքի մեծ պահանջարկ:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը և Ակբա բանկը համատեղ իրականացնում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. դրամաշնորհային ծրագիրը:
Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կունենան NABU հայաստանյան մասնաճյուղի և բանկի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2023-2024թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի հունիսի 15-ը ներառյալ ներկայացնել դիմում-հայտ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարին:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.–ից մեկնարկել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և Ակբա բանկի համատեղ «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը: